Ուրբաթ օրը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անսպասելի զանգերով իր մոտ է կանչել պետական բոլոր բուհերի ռեկտորներին։ Ասվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրինագիծն է ուզում քննարկել։ Նորանշանակ նախարարի կաբինետում փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում և ինչպես ներկաներից մեկը հայտնեց Yerevan.Today-ին` բուռն քննարկումը, ի վերջո, ավարտվել է զրո արդյունքով։ Այսինքն` վիճարկելի կետերի շուրջ կոնսենսուս այդպես էլ չի եղել, կողմերը մնացել են իրենց կարծիքին։
Իսկ այս օրինագծի ամենախոցելի կետը, հիշեցնենք, բուհական ինքնակառավարումը վերացնելու Կառավարության միտումն է։ Հեղափոխական իշխանությունը ի սկզբանե իմիտացիա էր անում, թե պայքար է մղում կրթական համակարգը ապաքաղաքականացնելու համար, բայց այսօր իրողությունն ապացուցում է հակառակ պատկերը։ Հապճեպ անցկացվող օրինագծով հեռացող վարչապետը ուզում է բուհերի կառավարումը վերցնել իր թիմի ձեռքը։
Բանն այն է, որ նոր օրենքով ռեկտորների ընտրության իրավունքը խլվում է բուհական կառավարման խորհուրդների ձեռքից, փոխարենը ռեկտորի պաշտոնը դառնում է նշանակովի մարմին, ըստ այդմ ՝ ԿԳՄՍ նախարարն է դառնում բոլոր բուհերի ռեկտորներին նշանակող անձը։
Մամուլն արդեն գրել է, որ Փաշինյանը ցանկանում է մայր բուհի ռեկտոր նշանակել իր կուսակցին` ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին և հիմնավոր կասկած կա, որ այս օրինագծով ռեկտորի համար պահանջվող չափանիշները հատուկ նվազեցվել են՝ հասցնելու նրա թույլ կարողություններին։ Թերևս սա է պատճառը, որ իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով երկուս ու կես տարի ԵՊՀ ռեկտորի աթոռը զավթելուն տարբեր պլաններ մշակեց։ Եվ ահա չարաբաստիկ օրինագծի անցկացումը բորբոքել է բուհական համայնքների ներկայացուցիչներին։
Նախարար Դումանյանը 3 ժամ տևած հանդիպումը անցկացրել է, որպեսզի համոզի ռեկտորներին կանխել բողոքի ակցիաները և խուսափել աղմուկ բարձրացնող միջոցառումներից։ Սակայն ռեկտորները կատեգորիկ դեմ են արտավայտվել նոր օրինագծին և նրբորեն հասկացնել են վերադասին իրենց վրա հույս չդնել։ Հանդիպման ամենաուշագրավ դրվագն այն է, որ նախարարը զենքերը վայր է դրել և խոստովանել է քողարկված քաղաքականության քայլերի մասին։
Բայց նրա աբսուրդային ձևակերպումը հնչել է մոտավորապես այսպես` «Անհանգստանալու կարիք չկա, օրենքի փոփոխությամբ ԿԳՄՍ նախարարն իր վրա կվերցնի ռեկտորի նշանակման բեռը բացառապես այս պահին թափուր պաշտոնների դեպքում»։
ԵՊՀ ռեկտորի հաստիքն է մեկ տարուց ավելի թափուր պահվել, հիշեցրել են ներկա գտնվողները․ նախարարը լռությամբ հաստատել է , որ այո, բոլոր ջանքերը հենց մայր բուհին տիրանալու համար են։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը